Շուշան Սահակյան
Մի անգամ, մի տեղ, սենց մի բան էր աչքովս ընկել, կամ ականջիս հասել․
«I’ve read in a book once that 67% of people die when nobody’s looking. What I never could find out is how many people lived while nobody’s watching. But I guess they don’t print shit like that.»
(Ժամանակին գրքում կարդացի, որ մարդկանց 67%-ը մահանում է, երբ ոչ ոք չի տեսնում։ Մի բան, որ այդպես էլ չգտա, դա այն է, թե մարդկանց քանի տոկոսն է ապրում, երբ ոչ ոք չի նայում։ Բայց երևի տենց հիմարությունների մասին թերթերում չեն գրում։)
Առաջին օրը, երբ հասա Լիսաբոն, էնտեղ մնացող հայ ընկերներիցս մեկը շատ բարի լինելով ինձ դիմավորեց, ճանապարհեց արդեն իմ, նոր հանրակացարան/տուն, ու էդ պահից սկսեցի հա փորձել ուրիշ տեսածս կամ ապրածս քաղաքների հետ նմանություններ փնտրել։ Հետո մենակ հասկացա, որ համեմատելը միշտ չի, որ լավ բան ա, ու դե որ նաև շատ հաճախ չի աշխատում։
Մի շաբաթից սկսեցի նկատել, որ պորտուգալացիները ունեն ջիգյարի զգացում (ուրիշ բառ չեմ գտնում), որը վարակիչ ա ու կպնում ա ցանկացած այլազգիին։ Ներքևի խանութի Պակիստանցի վաճառողին, հանրակացարանի հարևան կարծրատիպային սառը Էստոնացիներին, իմ պես ուսանողական փոխանակման ծրագրով եկած Գերմանացիներին, և այլն։
Երկու շաբաթից իմացա, որ պորտուգալերենում կա “կարոտ” բառի ուղիղ թարգմանություն (որը, ցավոք, անգլերենում չկա)։
Երեք շաբաթից իմացա, որ պորտուգալացիները մեր նման ուշացող են։ «Ժամը 7ին» իրականում նշանակում ա «7:15ին», որ ընթրիքը սկսվում ա ժամը 21:00ից ոչ շուտ, ու որ բանկի աշխատողները էդքան վախենալու չեն, ինչքան թվում ա։ Հասկացա, թե ինչքան ուրիշ կարող ա լինել ուսանողը, ու ուսանողի վերաբերմունքը կրթության հանդեպ ու առհասարակ համալսարանի կամ ցանկացած այլ կրթական հաստատության։ Բայց էս թեման թող մնա մի ուրիշ օրվա։
Մի ամսից հասկացա, որ Լիսաբոնը կգրկի ցանկացածին, ով դրա կարիքն ունի։ Ու մնացի ևս չորս ամիս։ (Նենց ռոմանտիկ ասեցի, ոնցոր իմ որոշումն էր։ Իրականում, մի կիսամյակով էի գնացել, համալսարանիս մեծ շնորհակալություն դրա համար :) )
Ծանոթներիցս մեկը, ով մագիստրատուրան Իտալիայում էր անում, մի անգամ գրել էր, որ ունենալու ա աշխարհի ամենալավ լվացքի մեքենան։ Ուզում եմ շարունակել ու ասել, որ ես էլ մի օր կունենամ աշխարհի ամենալավ սառնարանը, որտեղ բորբոսը մի քանի օր հետո չի նկարի պանրի վրա։ Ամենալավ սկովոռոդկան, որի տակը չի կպնի։ Ամենալավ գազի վառարանը, որ 30 վայրկյան չպետքա պահես սեղմած, որ կրակը չմարի, հետո աղոթես, որ տունը չտրաքի(չափազանցնում եմ)։ Բայց էս ամեն ինչը հեչ, որովհետև ես էլ երբեք չեմ ունենա (կամ կունենամ) էնպիսի հարևաններ, ում հետ առանց հարցեր տալու ու առանց իրար վրա մատ ցույց տալու խոհանոցի ջրհեղեղը միասին կմաքրենք, երբ լվացքի մեքենան փչանում ա, ովքեր իրարից ուտելիք չեն գողանա (հանրակացարանական պատմության մեջ երևի առաջին անգա՞մ)։ Էս մի հարևանից հաստատ էլ երբեք չեմ ունենա՝ նա, ով առավոտյան կթառի տանիքին ու կսկսի նվագել ու երգել (ու ի սրտե լավ երգել)
Նոր ուտելիքներից, երկու եվրոանոց գնացքի թույլտվությամբ «Գալի՞ս ես գնանք ափ մի կես ժամից» հեռախոսազանգերից, աշխարհի երևի ամենափոքր բրազիլական կառնավալներից, ու ամենամեծ պորտուգալական ֆեստիվալներից, ամենաբարի անծանոթներից, համալսարանական չափազանց տարբեր մոտեցումներից մինչև ուշացած ուսանողական թոշակներ, գողացված դրամապանակ, հացով հաց ուտել, ու վերջին օրերը իրար տանը մատրասի վրա կամ գետնին քնել (մամայիս չասեք)։ Էլի կանեմ։
Առաջին օրը, երբ հասա Լիսաբոն, էնտեղ մնացող հայ ընկերներիցս մեկը շատ բարի լինելով ինձ դիմավորեց, ճանապարհեց արդեն իմ, նոր հանրակացարան/տուն, ես էլ չքնած, չկերած, շատ հոգնած, բայց ոգևորված ասեցի «Մեկը վրաս հիմա փչի, տեղում կընկնեմ, կզարթնեմ ու կպարզվի երազ էր» , որին պատասխան լսեցի «Հեսա կբարձրանանք, կքնես, կզարթնես ու Լիսաբոնում կլինես»։ Ու եղա։