ինչի՞ եմ ես լուսանկարում


Անահիտ Ղազարեան

Ինչի՞ եմ ես լուսանկարում։ Ես գիտեմ, որ բոլորը լուսանկարում են, ես գիտեմ, որ աշխարհում ամեն վայրկյան հազարավոր լուսանկարներ են արվում։ Ուրեմն, ես՝ ինչո՞ւ։ Ինչո՞ւ ինչպես բոլորը։

Անահիտ՝ զրո օրիգինալություն։

Ես գիտեմ, որ ես ոչ մի բան չեմ հասկանում լուսանկաչական տեխնիկաներից։ Երբ իմ մոտ խելոք-խելոք խոսում են դիաֆրագմայից, այն բացել փակելուց, պահումներից, միլիմետրերից ու տենց բաներից, ես ուղղակի լռում եմ ու ժպտում։ Ինձ էդ հետ հեչ հետաքրքիր չի։ Ես խորապես թքած ունեմ, պարոնայք։

Ես ուզում եմ ձախողված պատկեր ստանալ։ Ես ուզում եմ իմ նկարով ասել, որ ես չգիտեմ։ Իմ նկարը նրա մասին ա, որ ես չգիտեմ։ Ու իսկապես՝ ես չգիտեմ։

Ես ապրում եմ իմ փայ կյանքը ու լուսանկարելը իմ կյանքը կարևորելու, ինձ հուզած բաների պատկերները ստանալու ու աշխարհը փորձառելու, իմ կյանքը պատկեր դարձնելու միլիարդավոր մեկերից մեկն եմ, իմ գոյությունը հաստատելու, ինձ հաստատելու։ Իմ լինելը նշելու։ Որ ես կամ, ես տեսնում եմ ու ասում եմ, որ տեսնում եմ։ Կարճ ասած՝ ֆոտո։

Ես հեչ հավես չունեմ որևէ մեկին զարմացնելու։ Ես արխիվացնում եմ ինձ։ Ինչ տեսա, ինչ զգացի։ Ինչքան հուզվեցի։ Ես ստանում եմ պատկերային ժամանակագրություն։

Մի անգամ մի ութ ամսով Ստամբուլում էի ու բացարձակ անփորձ օտարության մեջ լինելու համար, չնայած Ստամբուլում լինելը մի օտարություն էլ չի, խայտառակ հարազատ էր, բայց հարազատ օտար։ Նոր տարվա շրջան էր։

Ես տոնի գիտակցություն չունեցող մեկն եմ։ Բայց հեշտ ա տոնը չսիրելը տոնով շրջապատված լինելիս։

Հա, ինչ էի ասում։ Ես Ստամբուլում էի, ու քաղաքը տոնում էր՝ իրա փայ։ Ես ման էի գալիս քաղաքով որսորդի դիրքով։ Լուսանկարում էի քաղաքը։

Մեկ էլ տեսա մի աղբահավաքի, իսկ աղբահավաքներ շատ կային Ստամբուլում, ու էդ աղբահավաքի քարշակի վրա, որը մի սենց քառակուսի խորանարդ էր, փայեր էին ամրացրած։ Տոնական փայլեր։ Աղբի վրա։ Գրողը կկի։ Աղբ ու փայլեր։ Ես ուղղակի հուզմունքից ոռնում էի։ Էդ աղբն ու էս տոնականությունը։ Երբ ուզում էի լուսանկարել, աղբահավաքը եկավ ու կանգնեց դրա կողքին, ասելով՝ ես էմ դրա հեղինակը։ Ու քանի պետք ա ժապավենով լուսանկարելու դեպքում երկար ֆոկուս բռնել, ինքը հասցրեց ու ես չխկացրի իրան իր մեքենայի հետ։ Հետո սպասեցի, որ երևակեմ, երևակեցի։ ՈՉ ՄԻ արտասովոր բան։ Բայց ես ողբում էի։ Ողբում։

Էն որ պետք ա լացեմ՝ ֆոտո եմ անում։ Էն որ պետք ա բանաստեղծություն գրեմ՝ ֆոտո եմ անում։ Էն որ պետք ա կարդամ՝ ֆոտո եմ անում։ Էն որ չեմ կարում, ֆոտո եմ անում։ Էն որ ճար չկա՝ ֆոտո եմ անում։ Էն որ կարոտից շունչս կտրվում ա՝ ֆոտո եմ անում։ Էն որ հասկանում եմ՝ ֆոտո եմ անում։ Էն որ չեմ հասկանում՝ ֆոտո եմ անում։ Էն որ պետք է սիրեմ՝ ֆոտո եմ անում։ Էն որ պետք ա սեքս անեմ՝ ֆոտո եմ անում։ Էն որ պետք ա մի բան անեմ՝ ֆոտո եմ անում։ Էն որ պետք ա ֆոտո անեմ՝ ֆոտո եմ անում։

Աշխարհ, ես քեզ թարգամանելու կարիք ունեմ։ Աշխարհ, չեմ հասկանում, ես քեզ պետք ա ֆոտո անեմ, պահեմ, որ հասկանամ։ Աշխարհ, ես քեզ պետք ա հասկանամ։

Ես քնում եմ, ես զարթնում եմ, ես հասկանում եմ, որ ես քնում եմ ու զարթնում։ Ոնց որ սենց ժամանակը չընդհատվի։ Հոսի ու չկտրտվի օրերով, ոնց որ օրացույցի լինելը սուտ լինի ու ես ոնց որ չկարենամ բաժանեմ, կտրտեմ ու անուններ տամ՝ երկուշաբթի, երեքշաբթի․․․ Ու ժամացույցն էլ, սուտ կատեգորիա։

Քանի ես թույն ապարատ չունեի, ես ունեի մամա, ով ինձ թողել էր ժառանգություն՝ Զենիթ ET, ես ուզեցի օրիգինալության խաղալ, թե բա թվայինի էս դարաշրջանում, ես հրաժարվում եմ լուսանկարչական անկշտությունից ու ես նկարում եմ՝ մտքիս մեջ ունենալով սահմանափակում՝ 36։

Ես գնում էի Ստամբուլ։ Ես խայտառակ սիրահարված էի մի ճարտարապետ տղայի։ Ու ես հեռանում էի Երևանից, ես գնում էի Ստամբուլ։

Ու էդ ծանր էր ինձ։ Ես օտար ճարտարապետությունը նայում էի իրա հետ զրույցի միջից։ Ես միշտ գտնվում էի ճարտարապետության ու իմ ու իրա զրույցի մեջ։

Ու ես որոշել էի նկարել ժապավեն։ Ահավոր սիրուն ա ասել՝ օհ, պարոնայք, ես նկարում եմ ժապավենով։

Երբ Նորայրը խնդրեց մի շարք կամ շարքեր տալ, ես սկզբում ահավոր ուրախացա, հետո վրա հասավ հարցը՝ ոնց շարք կազմել, էդ ահռելի պատկերների ծանրոցը ո՞նց կտրտել, բաժանել, ինչ սկզբունքով, ու ասել՝ տասնյակ նկարներից ես առանձնացրել եմ սրանք։