ետնանկար


Դաւիթ Սարոյեան

Ես մտածում եմ, որ եթե լուսանկարչությունը իրականության արտացոլումն է լուսանկարների տեսքով, իսկ իրականությունը անլիարժեք է, ահավոր ու սահմանափակ, ապա ահավոր ու անլիարժեք լուսանկարները գուցե լավագույն բանն են, որ ես կարող եմ ստանալ։

Այս մտքով համաձայնեցի Նորայրից վերցնել իր Minolta XD-M֊ը և լուսանկարել։ Ես չգիտեի, ինչ պետք է լուսանկարեմ։ Ես չգիտեի, ինչպես պետք է լուսանկարեմ։ Բայց մի պահ, երբ մտածելը հոգնեցրեց՝ ես սկսեցի նկարել այն, ինչ տեսնում էի առանց ավելի լավին ու գեղեցիկին ձգտելու [որովհետև իրականությունը անլիարժեք և ահավոր է]:

Երբ մենակ էի, նստում էի Իլիկում ու նայում մարդկանց։ Ինչ֊որ դեբիլություններ էի անում համակարգչիս վրա, հետո էլի նայում մարդկանց ու բարևում նրանց։ Իսկ հեռվում միշտ աղմուկ էր լինում։ Իսկ հեռվում տղաներ էին լինում։

Բայց երբ մենակ չէի, ընկերներս, ծանոթներս, ձախականները, լուզերները, վեհերը, կապիտալիստները, ծխողները, երաժիշտները, ֆեյքողները, հարբածները, բոլորը֊բոլորը լցվում էին սենյակի մեջ, մի մասը կողքս էր նստում (կամ ես նստում էի իրենց կողքին), և մենք սկսում էինք զրուցել։ Ահա Արամը, ում հետ մտերմացել ենք մեր անցյալի սխալների շնորհիվ։ Արամը տխուր է, մենք խոսում ենք իրար հետ, հասկանում ենք, թե ինչքան է նման մեր չստացված անցյալը։ Արամը փորձում է ժպտալ։

Իսկ Արևիկը՝ իր առօրյա խնդիրների մեջ խառնված, խոսում է ու ուշադրություն պահանջում։ Նա պատմում է Դսեղի կյանքի ու Երևանի կյանքի մասին։ Ասում է, որ աղջիկներ կան, որ լուսանկարներում միշտ սիրուն են դուրս գալիս, ու ինքն էլ է սիրուն նկար ուզում։ Նա ուզում է ունենալ Արևիկի սիրուն նկարը։ Ես նկարում եմ։

Հետո գալիս է Արենը մի գավաթ գարեջրով ու հարցնում, թե ինչու կարևոր բաներից չենք խոսում։ Թե արդյոք կարո՞ղ ենք մեզ նկարագրել մի քանի բառով՝ կիրովականի բարբառը քննարկելու փոխարեն։ Մեզնից մեկը խոսակցության կեսին ասում է, որ պարտված ենք։ Արենը գրկում է մեզ, ուրախանում, որ մենք այդքան նման ենք․ Արենը ուրախ է։ Վազգենը այդ ընթացքում բեղերն է ոլորում։

Իլիկի պատին գրված «ահավոր ա»֊ն մեր ոչ լիարժեք իրականության խորհրդանիշն էր։ Երբ գրել էի, ինձ մեղադրեցին, թե «ահավորը պրոպագանդա է», որ երևի, մարդկանց սխալ է հիշացնել ահավոր իրականության մասին։ Ինեսան նստում է ահավորի մոտ, նկատում, որ փորձում եմ նկարել իրեն։ Սպասում է։ Խցիկը չի աշխատում։ Նորից եմ փորձում։ Խցիկը դեռ չի աշխատում։ Ինեսան արդեն չի սպասում։ Խցիկը չրթում է։

«Ահավոր ա»-ն մաքրեցին մի քանի օր առաջ՝ դեղնավուն լուսավոր ներկով։ Բայց այստեղ Ինեսան դեռ ահավորի հետ է։

Հետո էլի մարդիկ են գալիս ու գնում։ Բայց Անին, Նորայրն ու ես դեռ նստած ենք ու զրուցում ենք։ Այնքան բան կա զրուցելու։ Ու այնքան բան կա, որ կարելի է նորից պատմել։ Որովհետև իրականությունը կատարյալ չէ և սահմանափակ է, իսկ մենք ավելիին չենք էլ ձգտում։ Այսպես լավ է։ Նույնիսկ պոստմոդեռն ետնանկարի վրա։

Նույնիսկ պոստմոդեռն ետնանկարների վրա մենք խոսում ենք իրար հետ։