առաջին քայլեր


Անի Գեւորգեան

Երեկո էր։ Երևանյան խաղաղ երեկոներից մեկը։ Համալսարանից տուն վերադառնալուն պես սեղանին գտա մի տոպրակ, որին մեծ ուշադրություն չդարձրեցի՝ մտածելով, որ հայրիկս էլի ինչ-որ անկապ իրեր է տուն բերել և առաջ շարժվեցի։ Զգացի, որ անտարբերությունս անհանգստացրեց ծնողներիս, ու նրանք սկսեցին ուշի-ուշով հետևել իմ ամեն քայլին։ Ապա որոշեցի ի վերջո բացահայտել տոպրակի պարունակությունը։ Բացելս և զարմանքս մեկ եղավ։ Տոպրակի մեջ ժապավենային տեսախցիկ էր։ Անչափ ուրախ էի։ Մինչև այդ երևի այնքան էի զզվացրել բոլորին, խոսելով ժապավենային լուսանկարչության մասին, որ հայրիկս ի վերջո ընկերոջից խնդրել էր նրա սովետական Զենիտը և բերել տուն։

Երբ փոքր էի ունեինք մի ժապավենային ապարատ, որին, եթե ճիշտ եմ հիշում, անվանում էին “мыльница” և մայրս միշտ նկարում էր մեզ և ընտանիքի անդամներին ինչ-որ խնջույքների ժամանակ։ Երբ ամեն անգամ խնդրում էի, որ ինձ էլ տա՝ փորձեմ նկարել, միշտ բացասական պատասխան էի ստանում։ Եվ այսպես, ես հարմար առիթ էի ման գալիս, որպեսզի գաղտնի վերցնեմ այն և հասցնեմ գոնե մեկ հատ լուսանկար անել։ Այսպիսով, հարմար առիթ ներկայացավ այն օրը, երբ մենք գնացել էինք Կենդանաբանական այգի։ Մինչ մայրս զբաղված էր փոքր քրոջս և եղբորս հետ, ես արագ վերցրի ապարատը և փորձեցի ինչքան հնարավոր է արագ նկարել ներքևում գտնվող արջերին, որոնք ուշադիր սպասում էին թե մարդիկ ուտելու ինչ են գցելու։

Մինչև այսօր այս լուսանկարը դիտելիս անչափ հպարտություն եմ զգում։ :)

Զենիտը արդեն ունեի, ընկերներիս օգնությամբ ճարել էի նաև ժապավենը, մնում էր փորձարկելը։ Մինչ փողոց դուրս գալը և լուսանկարելը, ինտերնետով գտա մի քանի լուսանկարիչների՝ փորձելով ավելի շատ տեղեկություն հավաքել, որոնցից ամենաշատը դուրս եկավ Էդուարդոն։ Նայելով գրեթե իր յուրաքանչյուր վիդեոն փողոցային լուսանկարչության մասին, ես զինված և ոգեշնչված դուրս եկա փողոց՝ փորձարկելու ապարատը։

Հունվար էր։ Օդը դեռ բավականին սառն էր։ Դանդաղ քայլում էի Երևանյան փողոցներով տեսախցիկը ձեռքիս և փորձում հետաքրքիր տեսարաններ փնտրել։ Մատներս արդեն սառել էին, բայց դեռ չէի հանձնվում և ամեն կերպ աշխատում էի, որքան հնարավոր է շատ հետաքրքիր պահեր գտնել։ Առաջին հայացքից հեշտ այս գործը իրականում բավականին բարդություններ ներկայացրեց ինձ համար, դեպի ժապավենային լուսանկարչության և առհասարակ լուսանկարչության աշխարհի ճանապարհին։ Երբ հետաքրքիր տեսարան էի գտնում և խցիկս բարձրացնում, որ նկարեմ, միշտ կորցնում էի կադրը, դանդաղաշարժությանս պատճառով՝ մինչ փորձում էի կարգավորումները հարմարեցնել կամ էլ շատ երկար էի մտածում մի կադրի վրա։ Եվ դրա արդյունքը՝ մեծ քանակությամբ ուղղակի անկապ կադրեր էին։ Սակայն չստացված լուսանկարների կողքին նաև գտա այնպիսիները, որոնք իրականում սիրեցի։

Ահա և առաջին երկու ժապավեններից մի քանի նկար․

Այնպես ստացվեց, որ իմ լուսանկարչական առաջին քայլերը համընկան «Թավշյա Հեղափոխության» հետ և այդ իսկ պատճառով բավականին մեծ քանակոթյամբ նկարներ հենց ցույցերի և հավաքների վայրերից են։

Գունավոր ժապավեններ պատվիրելուց, որոշեցի մի անգամ էլ փորձել նկարել սև ու սպիտակ և ընդամենը մեկ ժապավեն էլ պատվիրեցի դրանից։ Արդյունքը շատ հավանեցի :)

Իհարկե աճելու և սովորելու դեռ շատ բան կա, բայց կարծում եմ, որ դժվարը հենց առաջին քայլերն են, որոնք արդեն արված են։ Հուսով եմ, չեմ դադարի նկարել և ի վերջո կգտնեմ այն ոճը, որը ինձ ամենահարազատը կլինի :)